ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ «ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒ» ՎԵՐԱԾԵԼՈՒ ՇԱՆՍԸ ԿՈՐՍՎԱԾ Է»

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ «ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒ» ՎԵՐԱԾԵԼՈՒ ՇԱՆՍԸ ԿՈՐՍՎԱԾ Է»
11.12.2009 | 00:00

Թուրքիայի վարչապետ Էրդողանի վաշինգտոնյան այցը, թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները մեկնաբանում է ՀՀ նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ։
-Պարոն Շաքարյանց, Էրդողանը դեկտեմբերի 7-ին այցելեց Վաշինգտոն և հանդիպեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ։ Մինչ այցը թուրքական կողմը ԶԼՄ-ներով հրապարակեց հարցերի այն շրջանակը, որ պետք է քննարկվեր հանդիպման ժամանակ։ Դա, ինչպես հայտնի է, Իրանի միջուկային ծրագիրն էր, քրդական հարցը, Աֆղանստան թուրքական զորակազմ գործուղելու հավանականությունը և ղարաբաղյան հարցի կարգավորումը` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համատեքստում։ Ո՞ր ուղղությամբ Էրդողանին հաջողվեց ձեռքբերում արձանագրել։
-Սկսենք նրանից, որ մատնանշված հարցերի մի մասը կարևոր էր ԱՄՆ-ի, մյուս մասը` Թուրքիայի համար։ Եթե Վաշինգտոնը շահագրգռված է, որ Թուրքիան ընդլայնի իր մասնակցությունն Աֆղանստանում` ՆԱՏՕ-ի զորքերի կազմում, ինչպես նաև միանա Իրանի դեմ Արևմուտքի հնարավոր ծրագրերին, ապա Թուրքիայի համար, բնականաբար, առավել կարևոր էր քրդական հարցում իր խնդիրներն առաջադրել և հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պայմանավորել ղարաբաղյան հակամարտության` իրենց պատկերացրած կարգավորմամբ։
Դատելով այն առայժմ սահմանափակ տեղեկությունից, որ ԶԼՄ-ներով ներկայացվեց այդ բանակցությունների վերաբերյալ, բանակցությունների մասնակիցներին կարծես չի հաջողվել որևէ ուղղությամբ համաձայնությունների հանգել։ Թուրքիան, ըստ էության, փորձեց առևտուր անել և ԱՄՆ-ին ինչ-որ քայլերում ընդառաջելու դիմաց Վաշինգտոնից համաձայնություն կորզել Իրաքյան Քրդստանի անկախության հավանականությունը եթե ոչ բացառելու, ապա այն զգալիորեն հետաձգելու առումով։ Եվ, բնականաբար, հասնել նրան, որ ԱՄՆ-ը ճնշում գործադրի Հայաստանի վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` ի նպաստ Ադրբեջանի զիջումներ անելու։ Երկու դեպքում էլ թուրքական նախաձեռնությունը, իմ գնահատմամբ, տապալվել է։ Ավելին, որքան կարելի է հասկանալ, բանակցություններում առհասարակ քննարկման առարկա չի դարձել Թուրքիայի հետ կապված ամերիկյան գլխավոր նախաձեռնությունը։
-Մասնավորապես ի՞նչը նկատի ունեք։
-Թուրքիային Եվրամիության անդամ դարձնելը։ Դա ԱՄՆ-ի քաղաքականության մեջ վերջին երկու տասնամյակում կարևոր ուղղություններից մեկն է, որը նպատակ ունի թուլացնելու Եվրամիությունը, այն կառավարելի պահելու համար։ Այդ դեպքում ԱՄՆ-ը կարող է միայնակ շարունակել պայքարը մյուս երկու խոշոր աշխարհաքաղաքական բևեռների` Ռուսաստանի ու Չինաստանի դեմ, անտեսելով եվրոպական շահերը։ Սակայն Թուրքիայի դիրքորոշումները հիմք են տալիս ենթադրելու, որ եթե անգամ ԱՄՆ-ն ամբողջությամբ չհրաժարվի Թուրքիային Եվրամիություն խցկելուց, ապա Անկարայի հետ ներկայիս հակասություններն այնպիսին են, որ այդ նախաձեռնությունը կարող է և սառեցվել։
Էրդողանի այցը զուգահեռվեց մի կարևոր փաստի արձանագրումով. Կիպրոսը հայտարարեց, որ եթե առաջընթաց չարձանագրվի կիպրոսյան խնդրի կարգավորման հարցում, իրենք կարող են վետո կիրառել Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների հետագա շարունակման հետ կապված։ Նման քայլերն առանց առաջատար ուժային կենտրոնների հետ համաձայնեցնելու չեն արվում։ Այլ հարց է, թե ո՛ւմ է ձեռնտու Թուրքիային Եվրոպայից վանելը և դրանով իսկ դեպի Արևելք ուղղորդելը։
-Եվ ո՞ւմ է ձեռնտու։
-Իմ կարծիքով, թուրքական հասարակության մեջ, նրա տարբեր և բավականին ծանրակշիռ շերտերում լուրջ խմորումներ կան իրենց պետության հետագա դերն իմաստավորելու և հեռանկարները ճշգրտելու առումով։ Եվ հետևությունները, հավանաբար, առանձնապես մխիթարական չեն։ Նրանք հասկացել են, որ Եվրամիության կազմում, Մերձավոր Արևելքում և նույնիսկ Կովկասում Թուրքիան «տրոյական ձիու» վերածելու շանսն իրենք բաց են թողել։
-Սակայն եթե Անկարան հավանություն տա Իրանի դեմ ամերիկյան քայլերին ու միանա դրանց, այդ ծրագիրը կարող է և գործել։
-Կարծում եմ, որ ոչ։ ԱՄՆ-ը, անշուշտ, ցանկանում էր, որ Թուրքիան միանա Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցներին, այդ թվում` Իրանի ֆունկցիոնալ շրջափակմանը։ Սակայն Էրդողանը, իմ տպավորությամբ, մերժել է ԱՄՆ-ի նախագահին և տվյալ դեպքում պատճառաբանությունը կարևոր չէ։ Ընդ որում, արդեն իսկ կա տեղեկություն, որ Անկարան հրաժարվել է ոչ միայն Իրանի դեմ պատժամիջոցներին միանալուց, այլև իր տարածքը հակաիրանական, այդ թվում` հետախուզական ակցիաների համար տրամադրելուց։ Սա օրինաչափ է և տրամաբանական։ Հիշեցնեմ, որ այս տարվա հուլիսի 30-ին Իրաքյան Քրդստանի և Իրանի սահմանագոտում ձերբակալվեց Ամերիկայի երեք քաղաքացի և, իրանական իշխանությունների պնդմամբ, նրանք բոլորովին էլ մոլորված տուրիստներ չէին։ Այժմ Իրանը մեղադրում է նրանց լրտեսության մեջ։
Սա ընդամենն էպիզոդ է, բայց շատ խոսուն։ Թուրքիան ուշադրությամբ է հետևում Իրանի գործողություններին և գիտի, որ հակաիրանական միջոցառումներին իր միանալու դեպքում Թեհրանի հայտարարած պատասխան հարվածի մարտավարությունն առաջին հերթին առնչվելու է իրեն։ ԱՄՆ մեկնելուց առաջ Էրդողանն այցելել էր նաև Թեհրան և, կարծում եմ, այնտեղ նրան բացատրել են, թե ինչն ինչոց է։ Միաժամանակ, անշուշտ, Թուրքիան ունի իրանական էներգակիրների կարիքը, նրան անհրաժեշտ է մեծացնել իր դերը տարածաշրջանի էներգետիկ կոմունիկացիոն համակարգի զարգացման առումով։ Եվ պատահական չէր, որ Թեհրանում ստորագրված թուրք-իրանական համատեղ հուշագրում մատնանշվում էր, որ Իրանը կարող է մաս կազմել «Նաբուկո» ծրագրին։ Այս փաստին Վաշինգտոնն անմիջապես խիստ բացասական արձագանքեց, հայտարարելով, որ Իրանի մասնակցությունը բացարձակապես անցանկալի է։ Բայց խնդիրն այն է, որ այդ նախագիծն իրագործելու այլընտրանք չկա։ Եթե Եվրամիությունը նպատակ ունի նվազեցնելու իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, գազի գրեթե համարժեք ռեսուրսներ ունեցող միակ երկիրն Իրանն է։ Ղազախստանի ու Թուրքմենստանի ռեսուրսներն արդեն իսկ արտահանվում են Չինաստան, և այս երկրները հազիվ կարողանան բավարարել Պեկինի պահանջարկը։ Որովհետև Չինաստանն ամենաարագ զարգացող տնտեսությունն է աշխարհում, ինչը նշանակում է, որ էներգակիրների պահանջարկը տարեցտարի աճելու է։
-Եթե Ռուսաստանն ու Չինաստանը միանան Իրանի դեմ պատժամիջոցներին, Թուրքիան էլ կարող է փոխել իր ներկայիս դիրքորոշումը։
-Չինաստանն ու Ռուսաստանն Իրանի դեմ պատժամիջոցների հետ կապված երկակի և նույնիսկ եռակի խաղ են խաղում Արևմուտքի հետ։ Մի կողմից` Մոսկվան հայտարարում է, որ իր մասնակցությունն այդ գործընթացում բացառված չէ, մյուս կողմից, Ռուսաստանի էներգետիկայի նախարարը մեկնում է Իրան և այնտեղ վերահաստատում, որ Բուշերի ատոմակայանի ծրագիրը մինչև վերջ իրագործվելու է։ Այդ իսկ պատճառով Թուրքիան չի դիմի Իրանի դեմ գործողությունների, նկատի ունենալով հենց Չինաստանի ու Ռուսաստանի բոլորովին էլ ոչ միանշանակ դիրքորոշումը։
Առհասարակ, ամերիկա-թուրքական տանդեմը վերջին տարիներին ակնհայտ ճաքեր է տվել։ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ կապված Վաշինգտոնը հասավ ինչ-որ ժամանակավոր հաջողության։ Բայց ամերիկացիները տեսնում են, որ Թուրքիան ի վիճակի չէ իր վրա վերցնելու Ռուսաստանին և Իրանին Կովկասից ու Մերձավոր Արևելքից դուրս մղելու գործառույթը։ Թուրքիան շարունակաբար ինչ-որ բաներ է խնդրում-պահանջում ԱՄՆ-ից և այս անգամ փորձեց առևտրի առարկա դարձնել Աֆղանստանում իր ռազմական մասնակցության հնարավորությունն այլ զիջումների դիմաց։ Բայց Անկարայի ռազմավարությունն իրականում չի համադրվում տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի, այդ թվում` ԱՄՆ-ի ռազմավարության հետ։
Ինչպես և սպասելի էր, Էրդողանի այցի ժամանակ ԱՄՆ-ի հայկական համայնքը շատ կոշտ դիրքորոշում դրսևորեց, ինչը սպասելի էր և միանգամայն հասկանալի։ Սակայն գրեթե դրան զուգահեռ տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն արդեն Լոնդոնում, երբ հրեական հոլոքոստին զուգահեռ հիշատակվեց նաև հայերի ու ասորիների ցեղասպանությունը։
-Ո՞վ էր կազմակերպել այդ միջոցառումը։
-Գոյություն ունի հոլոքոստը մոռացության չտալու հատուկ օր։ Ամեն տարի աշխարհի հրեական համայնքները տարբեր երկրներում նշում են այդ օրը, որ տեղի ունեցածը չպետք է մոռացվի։ Այս անգամ Մեծ Բրիտանիայում այդ օրը հրեական, հայկական և ասորական համայնքների համատեղ միջոցառում է տեղի ունեցել, ուր հոլոքոստի կողքին շեշտվել է հայերի և ասորիների ցեղասպանությունը մոռացության չտալու անհրաժեշտության մասին։ Իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայերն ու ասորիները ցեղասպանության են ենթարկվել միայն մի պետությունում` Օսմանյան կայսրությունում։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ միջոցառումը, թեկուզ հասարակական մակարդակով, անցկացվել է Մեծ Բրիտանիայում։ Այն եվրոպական երկրում, որն ամենից ավելի է կողմնակից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը շրջանցելուն։ Սա ինքնին խոսուն հանգամանք է, որ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Բրիտանիայում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կա։
-Որքան Ձեր մեկնաբանությունից հասկանալի է, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ին չի ընդառաջել Իրանի հարցում, Աֆղանստանում իր ռազմական մասնակցությունն ընդլայնելու հետ կապված, Վաշինգտոնն էլ, իր հերթին, չի բավարարելու թուրքական ակնկալիքները հայ-թուրքական արձանագրությունները և ղարաբաղյան հակամարտությունը փոխկապակցելու առումով։
-Որպես աշխատանքային վարկած, կարող ենք ամրագրել, որ Էրդողանն արժանացել է մերժման։ Ընդ որում, այս օրերին Թուրքիան առաջին անգամ մեկնաբանեց արձանագրություններն այն տեսանկյունից, որ թեկուզ դրանց ստորագրման ժամանակ ղարաբաղյան կարգավորման հետ կապված նախապայման չի եղել, դա, փաստորեն, հիմա է ի հայտ գալիս։ Այսինքն, Էրդողանի այցի ժամանակ ամերիկյան կողմը նրանց բացատրել է, որ հայ-թուրքական կարգավորումն անջատ է ղարաբաղյան հարցից, և իրենք մտադիր չեն խաղի կանոնները փոխել։ Թեպետ չեմ բացառում, որ մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ-ը փորձի ճնշում գործադրել ղարաբաղյան գործընթացում որոշակի տեղաշարժի հասնելու համար, ընդ որում, այդ ճնշումը կարող է գործադրվել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա։ Բայց, այնուհանդերձ, Վաշինգտոնում տեղի ունեցած Օբամա-Էրդողան բանակցություններում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը չէր ամենակարևոր խնդիրը։
-Կարծում եք, ավելի կարևոր շեշտադրումները եղել են քրդակա՞ն հարցի հետ կապված։
-Այո՛, Իրանին զուգահեռ։ Որովհետև մեր տարածաշրջանում մեկ ուրիշ նոր պետության ստեղծման գործընթաց չկա։ Թուրքիան, բնականաբար, ամեն ինչ անում է Իրաքյան Քրդստանի անկախության հռչակումը կասեցնելու համար։ Պատահական չէր, որ Թուրքիայի քրդաբնակ տարածքներում արյունալի բախումներ տեղի ունեցան թուրքական բանակի ու քուրդ զինյալների միջև, փաստորեն, հենց Էրդողանի վաշինգտոնյան այցի օրերին։ Թուրքիան դրանով փորձում էր նաև յուրատեսակ ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, որ իրենք պատրաստ են նաև այդ ձևով լուծելու հարցը, սակայն դրանից Վաշինգտոնում, չեմ կարծում, որ ցնցվել են։
Իրաքում քրդական պետության ձևավորման գործընթացն արդեն այնքան է թափ հավաքել, որ այն կասեցնելը վեր է Թուրքիայի ուժերից, եթե Անկարան չկարողանա համաձայնության գալ գործընթացի հիմնական հովանավոր ԱՄՆ-ի հետ։ Միաժամանակ Անկարան փորձում է Վաշինգտոնի հավանությունը չստանալու պարագայում համապատասխան պայմանավորվածությունների հանգել Իրանի և Սիրիայի հետ, որովհետև այդ երկու պետություններն էլ որոշակի վերապահություն ունեն քրդական պետության ձևավորման առնչությամբ։ Անկարային հաջողվել է հասնել որոշ համաձայնությունների Դամասկոսի հետ, ինչը համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Սակայն Իրանի հետ, չնայած որոշ դրական տեղաշարժին, հիմնարար համաձայնություններ չկան։ Որովհետև Իրանն ու Թուրքիան, ինչպես վերջին մի քանի հարյուրամյակում, եղել և շարունակում են մնալ տարածաշրջանային մրցակիցներ Մերձավոր Արևելքում, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` նաև Հարավային Կովկասում։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ փորձում է առաջ մղել ԱՄՆ-ը, ինքնաբավ և լոկալ երևույթ չէ։ Այն սերտորեն փոխկապակցված է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մտադրություններին, քրդական հիմնախնդրին։ Այդ ծրագիրը, ըստ էության, ևս մի լծակ է Թուրքիայի նկատմամբ համապատասխան ճնշում գործադրելու և նրան Վաշինգտոնի ուղեծիր վերադարձնելու համար։ Որովհետև 6 տարի առաջ Իրաքում ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմին մասնակցելուց հրաժարվելով, Անկարայի ներկայիս իսլամական կողմնորոշում ունեցող կառավարությունը ցույց տվեց, թե մտադիր է վարել սեփական քաղաքականություն, որը բխելու է բացառապես իր շահերից, և այդ համատեքստում կարող են անտեսվել անգամ կարևորագույն ռազմավարական դաշնակցի շահերն ու պահանջները։ Ահա և Վաշինգտոնը փորձում է խելոքացնել Թուրքիային` ներքաշելով այնպիսի գործընթացների մեջ, որտեղ նրա գործողությունները կլինեն կառավարելի։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը դրա ձևերից մեկն է։ Բայց դա, անշուշտ, չի նշանակում, որ եթե նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների և, առհասարակ, հարաբերությունների կարգավորման այս նախաձեռնությունն աշխարհաքաղաքական գլոբալ խաղի մի մասն է, ապա մենք չենք կարող դրա վրա ազդել։ Նախաձեռնող արտաքին քաղաքականություն ունենալու դեպքում մենք կարող ենք առաջ մղել մեր խնդիրներն ու ապահովել մեր շահերի պաշտպանությունը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ